Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի վիրահատվի, բայց բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում չմարզվել՝ հանգստանալ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արթուրի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ մրցաշրջանից վերադառնալուց հետո բուժզննումը ցույց է տվել, որ Արթուր Ալեքսանյանի 7-րդ և 8-րդ կողերի միացման կռճիկային հատվածները վնասվել են:
«Վիրահատական միջամտություն չի կատարվի, բայց պետք է 1 ամիս ու 10-օրյա հանգիստ վիճակ, որից հետո պարապմունքները կվերսկսվեն»,- նշել է Գևորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասված էր ստացել։ Վնասվածքի պատճառով Սպիտակ արջը չի կարողացել մասնակցել եզրափակիչ գոտեմարտին։
97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու նվաճեց 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: