Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին ասել է, որ աջակցում է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղում ռուսաց լեզվի տարածման կենտրոնի ստեղծմանը, հայտնում է Ria.ru-ն։
«Մենք պատրաստ ենք մեր ողջ գիտական ներուժով այս կենտրոնը համալրել գաղափարներով, գիտելիքներով և փորձով։ Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն պատմության, մշակույթի և մտածելակերպի ասպարեզում։ Հատկապես կարևոր է համագործակցությունը ռուսաց լեզվի և գրականության աջակցության ոլորտում։ Անպայման կգտնենք մասնագետներ, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ և դասավանդման մեթոդներ»,- ասել է Սադովնիչին մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանի հետ հանդիպմանը։
«Մենք շահագրգռված ենք Երևանի մեր մասնաճյուղի գիտակրթական ներուժի հզորացմամբ, դրա հիման վրա իրականացվող կրթական ծրագրերի շրջանակի ընդլայնմամբ։ Մենք պատրաստ ենք աջակցել մասնաճյուղի ղեկավարության բոլոր առաջարկներին։ Իհարկե, մենք պետք է բացենք նոր ոլորտներ: Մի շարք ֆակուլտետներ արդեն պատրաստ են միանալ այս աշխատանքին»,- ասել է Վիկտոր Սադովնիչին։
Ռեկտորը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մասնաճյուղի ղեկավարության նախաձեռնությունը գրադարանային ֆոնդի համալրման վերաբերյալ օպերատիվ կերպով կաջակցվի համալսարանի ղեկավարության կողմից։