«Գազպրոմ Արմենիա»-յի դուստր ընկերություն հանդիսացող «Տրանսգազ» ՍՊԸ-ն վաճառքի է հանել իրեն պատկանող գույք։ Գույքի վաճառքի առնչությամբ հարցը քննարկման կդրվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստին։
ՀԾԿՀ–ի որոշման նախագծում ասված է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2019 թվականի հուլիսի 23-ի համապատասխան գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որով հայտնել է իր ցանկությունը սեփականության իրավունքի հիմքով իրեն պատկանող ՀՀԿոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող №6/2/1 պոմպակայան հասցեում գտնվող գույքային համալիրի վաճառքի կապակցությամբ։
Գրության համաձայն` վաճառքը կատարվել է աճուրդի ճանապարհով․ ՀԾԿՀ–ն պետք է համաձայնություն տա «Արմենիան Տոբակո Քոմփանի» ընկերության հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուն։
Նշենք, որ էներգետիկ սեկտորում նման գործարքները պահանջում են կառավարական վերահսկողություն՝ Էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։ Վերոնշյալ որոշման նախագծում մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովի կողմից գործարքին համաձայնություն տալը, «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով չի խախտում էներգետիկ համակարգի անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը՝ չսպառնալով ազգային անվտանգությանը և պետական շահերին։