Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես Քասախյանն ընտրվել է քաղաքապետ գործընկեր խորհրդի անդամների կողմից։ Նա Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան ափի գործադիր տնօրենն է։
Արդի Քասախյանը ծնվել է Բոստոնում, 1986 թվականից Գլենդելում է բնակվում։ Նա 15 տարի ծառայել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ ընտրվելով և վերընտրվելով Գլենդելի ընտրողների կողմից:
Քաղաքապետ Քասախյանն ավարտել է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանը` ստանալով պատմության բակալավրի կոչում: Նա ստացել է Հանրային քաղաքականության և կառավարման ոլորտում Հյուսիսարևմտյան համալսարանում մագիստրոսի կոչում: Հաճախել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը և ավարտել է նահանգային և տեղական ինքնակառավարման բարձրաստիճան ղեկավարների վկայականների ծրագիրը:
Նշենք, որ ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների ՀԱՅԴՈՒԿ կազմակերպությունը և ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբը հանդես են եկել նրան աջակցող հայտարարությամբ. «Պարոն Քասախյանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, իրեն ճանաչում ենք որպես պարկեշտ, քաղաքին և, մասնավորապես, հայ համայնքին նվիրված անձնավորություն, պաշտոնյա: Կոչ ենք անում Գլենդելի ազգաբնակչությանը անպայման մասնակցել քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին և անպայման ձեր ձայները տալ Արտաշես «Արդի» Քասախյանին»: