Լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը քննադատում են Բրազիլիայի իշխանություններին` շրջակա միջավայրին անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար: Իրավիճակի լրջությունից ելնելով՝ Բրազիլիայի դեսպաններին արձակուրդից հետ են կանչել, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը՝ Ամազոնիայի տարածաշրջանում անտառային հրդեհների առիթով:
Վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչև օգոստոս, հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ: Վերականգնման համար տարիների բարդ ու ինտենսիվ աշխատանքներ են անհրաժեշտ: Այդ հարցում օգնության ձեռք են մեկնել տասնյակ երկրներ ու կազմակերպություններ, որոնցից է նաև Apple ընկերությունը: Թիմ Քուկը օրերս հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի հրդեհներից տուժած Ամազոնի անտառների վերականգնման համար:
«Ցավալի է հետևել, թե ինչպես են հրդեհներն ու ավերածությունները դատարկում Ամազոնի անտառները, որոնք աշխարհի ամենակարևոր էկոհամակարգերից են: Apple-ը միջոցներ կհատկացնի, որպեսզի օժանդակի կենսաբազմազանության պահպանմանը և Ամազոնի անտառների վերականգնմանը»,- ասել է Քուկը:
Իսկ ավելի վաղ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, հայտարարել են, որ 22 մլն դոլար կտրամադրեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարին:
Նշենք, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը: