Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
«Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծ պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը, մյուսը` Երևանի բնակիչ, 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ըստ տեղեկությունների՝ նա ասել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց: