Ասկերանի բերդը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի հարավային մասում` Ստեփանակերտից մոտ 14 կիլոմետր հեռավորության վրա:
Ամրակուռ պարիսպներով այս ամրոցը, որ երկու կողմից շրջապատված է Կարկառ գետի հովտով, հնագույն ժամանակներից հայտնի է նաև Մայրաբերդ անունով: Բերդն ամրացված է կրկնապարիսպներով, որի պատճառով դժվարանցանելի է դառնում լեռների արանքում գտնվող ձորակի ճանապարհը։ Աշտարակները շրջանաձև հատակագիծ ունեցող պաշտպանական կառուցվածքներ են, որոնք շարված են մանր գետաքարերից ու կրաքարերիից՝ կրաշաղախով։ Դիտաշտարակներն իրար են միանում պատերի ատամնաձև վերնամասերի խրամատանման անցքերով։
Պատերի մեջ կան բազմաթիվ խորշեր և տարբեր լայնության անցքեր՝ հրակնատներ։ Որոշ խորշերից պատերի միջով օդանցքների նման խողովակաձև հատուկ անցքեր են ձգվում դեպի վեր։ Հզոր ամրոցի պարիսպները ունեն 2 մետր հաստություն և 9 մետր բարձրություն: Դրանց մեջ կառուցվել են կլոր աշտարակներ:
Ասկերանը որպես զորանոց գոյություն ունի 18-րդ դարի կեսերից։ Ասկերանի ամրոցը կարևոր դեր է խաղացել Շուշի բերդը և Կարկառ գետի ողջ հովիտը թշնամու հարձակումներից պաշտպանելու գործում: Բերդապարիսպը ձգվում է Ասկերանի մոտով և փակում Կարկառ գետի հովտի` Ղլիջբաղ և Քյաթուկ գյուղերի միջակա տարածքը:
Ամրոցից բացի տարածքը հայտնի է նաև 2002 թվականին օծված Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցով: