Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է, մի խումբ քաղաքացիներ ընդդեմ նրա այցի բողոքի ակցիա են անցկացնում:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ «Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:
«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին, համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսևորել որպես արժանապատիվ քաղաքացի: Համաձայն չեմ Արցախի հարցի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Համաձայն չեմ Հայաստանի թրքացմանը, համաձայն չեմ թանկացումներին»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները:
Նրանք նաև նշում են, որ ակցիաները շարունակական են լինելու:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է այցելեին Գյումրի: