Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 15-ին ընդունել է Հրանտ Դինքի դուստր, «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի փոխտնօրեն Դելալ Դինքին, ով Հայաստան էր ժամանել մայիս-հուլիս ամիսներին անցկացվող ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Հրանտ Դինքի կյանքը եղել է պայքարի ու ազատության պատմություն: «Հրանտ Դինքը դարձավ ազատ խոսքի ու ճշմարտության խոսափողը Թուրքիայում: Ուրախ եմ, որ այսօր Դինքի ընտանիքը շարունակում է նրա առաքելությունը»,-նշել է Զարեհ Սինանյանը։
Դելալ Դինքը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է մայիսին Երևանում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները:
«Ցուցահանդեսը կկրի «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը։ Այն հայաստանյան հասարակության համար կծառայի որպես կարևոր գործիք՝ ավելի լավ ճանաչելու Հրանտ Դինքին, նրա պայքարը, ինչպես նաև Թուրքիայի հայերին»։
Ցուցահանդեսը հիմնված է լինելու Ստամբուլում՝ «Սեբաթ» շենքում գտնվող «Ակօս» թերթի նախկին գրասենյակում տեղակայված «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ի վրա։
2007թ․ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Սեբաթ» շենքի դիմաց, և հարյուրավոր մարդիկ ներկա էին նրա հուղարկավորությանը նվիրված արարողությանը, որի արդյունքում «Ակօս»-ի գրասենյակը ու «Սեբաթ» շենքը ստացան կարևոր նշանակություն՝ Թուրքիայի հավաքական հիշողության առումով։ «Հրանտ Դինք 23,5 հուշավայր»-ը, որն իր դռները բացեց 2019 թվականին, անդրադառնում և ընդգծում է Հրանտ Դինքի կողմից ընդունված և պաշտպանված համաշխարհային արժեքները՝ ժողովրդավարություն, հավասարություն, արդարություն, մարդու իրավունքներ և ազատություններ։ Այն նաև կամուրջ է կառուցում հիշողության և հույսի միջև։