Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․Օր․-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Բագրատյանն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենը։
Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այսօր Վայոց ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։