Վրնյացկա Բանյայի հայ համայնքի 100-ամյակը նշանավորվել է Սերբիայի թագավոր Ալեքսանդր I-ի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով և Սերբիայի զբոսաշրջության մայրաքաղաքի մշակութային ամրոցում անցկացված ցուցահանդեսով։
Սերբական «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1922 թվականին, 40 հայ փախստականների հնարավորություն է տրվել ապրելու և աշխատելու Վրնյացկա Բանյա քաղաքում տասնամյա վարձակալության պայմանագրով, և այդ պայմանագիրը կնքվել է Ալեքսանդր I-ի գրասենյակի օգնությամբ։
Մեծ թվով քաղաքացիների և տեղի հայ համայնքի անդամների ներկայությամբ Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, քաղաքապետարանի նախագահ Բոբան Ջուրովիչը և Վրնյացկայի հայերի միության նախագահ Չեդոմիր Արթինովիչը ծաղկեպսակներ են դրել քաղաքային այգում։
Կազմակերպվել է նաև «Կյանքը լուսանկարչության միջոցով» խորագրով լուսանկարների, նկարների և քանդակների ցուցահանդես։
Վրնյացկա Բանյա քաղաքատիպ ավան է, համանուն համայնքի կենտրոնը և հանգստավայրը, որը գտնվում է Սերբիայի Ռասկա շրջանում և հայտնի է իր տաք աղբյուրներով։