Սանկտ Պետերբուրգում բացման նախորդ օրը չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «ԱՐՄԱ» Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան, որը նախկինում հանդես էր գալիս որպես դրա անցկացման կազմակերպիչ։
Ասոցիացիան նշել է, որ ցուցահանդեսը չեղարկվել է կազմակերպիչների վերահսկողությունից անկախ պատճառներով։
«2022 թվականի հունվարից մենք սկսել ենք ակտիվ աշխատել մի նախագծի վրա, որը շատ կարևոր է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի և քաղաքի բնակիչների համար՝ «Ո՛չ ցեղասպանությանը» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը համընկնում է Հիշատակի օրվա հետ։
Ցուցահանդեսի կազմակերպման վրա ամեն օր աշխատել ենք. մեծ ջանք ու ռեսուրսներ են ծախսվել, բացման արարողության համար մի ամբողջ ծրագիր է մշակվել պատվավոր հյուրերի և լրատվամիջոցների ներկայությամբ, էքսկուրսիաներ և ֆիլմերի ցուցադրություններ են նախապատրաստվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ցուցահանդեսի անվճար մուտքի համար, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այցելել: Մեզ համար այս նախագիծն իսկապես շատ կարևոր էր։
Այնուամենայնիվ, տեղի ունեցավ մի բան, որը մենք չէինք սպասում. լիովին համակարգված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խափանվեց ամենավերջին պահին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Այն նաև ընդգծում է, որ համակարգող խորհուրդը և ասոցիացիայի ակտիվիստները Սանկտ Պետերբուրգի Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության հետ միասին արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցուցահանդեսը կայանա։
«Մի քանի օր շարունակ անդադար աշխատել ենք, որ հարցը լուծվի, բայց չհաջողվեց լուծել։ Ցուցահանդեսի անցկացման այլընտրանքային տարբերակներ ենք փնտրելու, ամեն ինչ անելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միջոցառում կազմակերպելու և մեր նախնիների հիշատակը հարգելու համար»,- մասնավորապես ասված է «ԱՐՄԱ»-ի հաղորդագրության մեջ։