Պատերազմը հնարավոր էր կանխել, եթե ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեմ, միայն թե ինձ դավաճան չասեն։ Նա, ով գիտակցաբար մեր երկիր, մեր տուն արյուն ու ողբերգություն բերեց, օրեր առաջ խոստովանեց, որ, այո, կարող էր անել այնպես, որ մեր տղերքը մեր կողքը լինեին։ Դրանից հետո որևէ բանական մարդ չի կարող անտարբեր լինել։ Այս մասին այսօր Ազնավուրի հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։