Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Այս մասին հայտարարություն են տարածել ոստիկանությունից։
Միևնույն ժամանակ նշում են, որ ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը: Ուստի հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից ու այլ իրավախախտումներից, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժումը» և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցներն իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։
Այս օրերին նաև ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնում։