Հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ը։
Ըստ պաշտպանի գրասենյակի՝ այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում:
«Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:
Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից:
Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով:
Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել:
Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար:
Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով:
Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում:
Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։