Ավելի քան 13 հազար օտարերկրացիներ, որոնք մասնակցել են արտերկրում բնակվող հայրենակիցներին ՌԴ կամավոր վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրին, 2022 թվականի առաջին երկու ամիսներին ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ինչը 3 հազարով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից՝ գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ ձեռք են բերել ավելի քան 13 հազար օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք պետական ծրագրի մասնակիցներ են (արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանը աջակցելու համար) կամ նրանց ընտանիքների անդամներ (2021 թվականի երկու ամսում՝ 10 հազար)», – ասել է գործակալության զրուցակիցը:
ՆԳՆ-ում հավելել են, որ «ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ղազախստանի, Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիները»: