Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով Շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշչի՝ ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Այս մասին գրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը մայիսի 1-ին հանրահավաքից հետո վրաններ է տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։