Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Երևանյան լճի և Հրազդան գետի մաքրման աշխատանքներին և առկա խնդիրների լուծմանը։ Սարգսյանը Երևանյան լճում և Հրազդան գետում մաքրություն ապահովելու հարցով հանձնարարականներ տվեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։
Քաղաքապետի խոսքով՝ տեղի ունեցած շաբաթօրյա ժամանակ պարզել են, որ Երևանյան լճում և հարակից տարածքում կոյուղատարի խնդիր կա։ Քաղաքապետի հանձնարարականն էլ հենց սրան է վերաբերվում։
«Եթե չեմ սխալվում, դեռ 2016 թվականին նախագիծ կար պատրաստված, դա պետք է իրականացնենք և դրանով իսկ սկիզբ դնենք Հրազդան գետի երկայնքով կոյուղագծերի մաքրման և վերականգնման աշխատանքներին։ 2023 թվականի բյուջեից հատկացումներ կանենք խնդիրը լուծելու համար։ Այսպիսով՝ Երևանյան լիճ և Հրազդան գետ կոյուղաջրեր չեն լցվի»,- ներկայացրեց Սարգսյանը։
Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ հիմա էլ այս տարածքներում մաքրություն է իրականացվում, բայց ջուրն աղտոտված է, և խնդիրը չի լուծվում։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը երկշաբաթյա ժամկետում պետք է կատարած ուսումնասիրություններն ու աշխատանքները զեկուցի վերադասին։
Հիշեցնենք, որ Երևանյան լիճը բարեկարգվելու է, և տարածքում նաև հանգստյան գոտի է կառուցվելու։
Քաղաքապետն էլ հայտարարել է, որ Երևանյան լիճն ու Հրազդան գետը պետք է մաքրվեն աղբից։