Դատախազի չներկայանալու պատճառով այսօր հերթական անգամ հետաձգվեց պետական դավաճանության համար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։ Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։ Ի նշան բողոքի՝ քաղաքացիները, զոհված և անհետ կորած զինծառայողների մի շարք ծնողներ փակեցին Վերաքննիչ դատարանին հարակից Գարեգին Նժդեհի փողոցը: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր՝ «պատերազմը կարող էին կանխել, որի արդյունքում կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»։ Այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների մի շարք ծնողներ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն։
Հավելենք նաև, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է։
Մայիսի 7-ին ներկայացրել էինք միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Նա հայտնել էր, որ Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու ցուցում է տվել։ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հարցաքննվել։