Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Մետրոպելիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- հայտնել է նա:
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Նախօրեին ոստիկանություն ընդհանուր հաշվով 417 մարդ է բերման ենթարկվել։ Իսկ երեկոյան մեծ հանրահավաքից ու քայլերթից հետո ընդդիմությունը որոշեց կրկնակի թափով շարունակել ակցիաները այսօր։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։