ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր նախապատրաստել Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից Է. Հարությունյանին հասցեագրված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 76-ամյա Հենզել Աբրոյանը մարզի դատախազին հայտնել է, որ մայիսի 6-ին իր ազգականներ, համագյուղացիներ 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը ձկնորսության նպատակով Սևանա լճի Զոլաքար-Վարդենիկ գյուղերի հատվածում ջրահեղձ են եղել ու մինչև օրս չեն հայտնաբերվել:
Աբրոյանը հայտնել է նաև, որ Սևանա լճում անհետ կորած իր բարեկամները 1 տարուց ավելի չեն ունեցել արդյունագործական ձկան որսի համապատասխան թույլտվություն, սակայն զբաղվել են ձկնորսությամբ ու դրա դիմաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 56-ամյա Թաթուլ Բաղդասարյանի պահանջով ամեն ամիս գումար են տվել: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։ Ցավոք, որոնողական աշխատանքները մինչև այսօր արդյունք չեն տվել։ Այս պահին դրանք շարունակվում են։