Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ամբողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի երթևեկությունը բացվի:
Հիշեցնենք, որ շուրջ երեք օր է՝ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Ըստ ԱԻՆ-ի՝ ճանապարհատվածից մոտ 22 քմ փլուզվել է, երեք արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ։