ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ-ը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էր համագործակցության հնարավորությունները։ Առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան- Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել թե միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։