Քննչական կոմիտեի շենքի մոտ այսօր հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները և հանդիպում էին պահանջում Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։
Նրանց մոտեցավ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և տեղեկացրեց, որ Քյարամյանն աշխատանքի չէ։ Նա ծնողներին հավաստիացրեց, որ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, բայց թե կոնկրետ երբ՝ ծնողներին կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Հայաստանի ընդդիմադիր խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով։
44-օրյա պատերազմում զոհված զինվորների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նրանք ներկայացնում են զոհված զինվորների հարազատների շահերը։ Ավելի վաղ Մինասյանն ու Մարտիրոսյանը հայտնել էին, որ Զինվորական դատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել, իսկ վարչապետին մեղադրյալի կարգավիճակում ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգվել է։