ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սյունիքի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հետաքրքրում էր Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանիի անմխիթար վիճակի մասին, որի ասֆալտը քանդվել է՝ եղանակային պայմաններից ելնելով, և ճանապարհահատվածը դարձել է ոչ երթևեկելի։
Նա հարցն ուղղեց տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Նախարարը զարմանում է, թե ինչու է տպավորություն ստեղծվել, որ երկրում ամենաքիչն իր ենթակայությամբ տակ գործող նախարարությունը և շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։
«Տաթև-Աղվանիում մի շարք օբյեկտիվ խնդիրներ կան․ մեկը տարածքի կառուցվածքն է՝ բարդ ռելիեֆը, մյուսն այն է, որ ճանապարհի երեք կտորներից մեկի շինարարությունն ավելի վաղ է կառուցվել և նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար։ Իսկ մյուս երկու հատվածներն էլ կառուցվել են շատ արագ` երթևեկությանը զուգահեռ, իսկ կառուցապատողները չեն վճարվել։ Լրատվամիջոցներում ինչ-որ միլիարդների մասին են խոսում։ Միլիարդներ տվողը մենք ենք, մենք չենք տվել, որովհետև աշխատանքը չի կատարվել»,- նշեց նա՝ պնդելով, որ թերությունները հիմա վերացնում են և կասֆալտապատվի ճանապարհի երրորդ շերտը։