Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Իտալիայի կառավարությունում հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգի ներդրմանը՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ մոդելի կիրառմամբ հնարավոր կլինի ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանի վերլուծել վերջիններիս գործունեության սահմանափակումները։