«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս հարցը քննարկման ենթակա չէ․ պետք է Թագուհի Թովմասյանին առաջարկել՝ հրաժարվել պաշտոնից, եւ կանգնեցնել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ ինքնակամ հրաժարվի եւ հայտարարի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, կա՛մ խմբակցությունը պետք է որոշում կայացնի՝ նրան հեռացնելով խմբակցությունից եւ զրկելով պաշտոնից։ ՊՈՒ քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել չհաջողվեց։ Խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցրինք, թե ինչ որոշում ունեն Թովմասյանի հարցում։ «Նման հարցերով դիմեք քարտուղարին»,- ասաց նա։ Սակայն նշեց, որ, իր կարծիքով, պետք է, միանշանակ, Թովմասյանը պաշտոնից հրաժարվի։
ՀԳ․ Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալված քաղաքական գործիչների, մասնավորապես, ընդդիմադիրների աչքից չէր վրիպել, որ Թագուհի Թովմասյանը ողջ միջոցառման ընթացում եղել է ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողքին։ Ի դեպ, Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու քայլն էլ էր ժամանակին վերագրվում Սուքիասյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոննակ արեց, Օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը՝ Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նապագահը:Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաև քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ եւ գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել` խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից` օգտագործելով իր կապերը: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով եւ ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, եւ անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, եւ եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են»:
«Իրավունք» թերթը գրում է. «էդ որ տենց հերթով, կարգով, շարքով հրաժարվում են պաշտոններից, բա ինչի նույնկերպ մանդատներից չեն հրաժարվում: Չեն հրաժարվում, թող գան իրենց մանդատը ծառայեցնեն ժողովրդին, ոչ թե փողոցում գոռալով զբաղվեն: Մենք ինչ անում ենք, անում ենք օրենքի, Սահմանադրության շրջանակներում: Իրենք մանդատներից երբեք չեն հրաժարվի, իրենք ժողովրդին նաեւ էդ հարցում են խաբում»: Անդրադառնալով ընդդիմության պաշտոններից հրաժարվելուն՝ ասաց. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Հարցին, թե ինչով էր պայմանավորված Գագիկ Ջհանգիրյանի ազատման դիմումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացառապես Ջհանգիրյանի առողջական վիճակով, ինքը մեր ընկերն է ու կմնա էդպիսին, վիրահատությունից հետո վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի: Պետք է հետեւից առողջությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»: Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տեւական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից եւ առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։ Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լեւոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաեւ Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը»։