ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ հուլիսի 6-ին, այցելել է Սյունիքի մարզ։ Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն ու այլ պաշտոնյաներ, հայտնում է վարչապետի տիկնոջ կայքը։
Վարչապետի տիկնոջ առաջին կանգառը հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիրը։ Թանգարանում ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը: Գորիսում գտնվող տանը պահպանվել են Բակունցի անկողինը, զգեստապահարանը, մետաքսե վերնաշապիկն ու կենցաղային իրերը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ներկայացվել են Բակունցի և նրա մոր կյանքից դրվագներ։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկնոջը հյուրասիրել են տան բակում աճող վարդի թերթիկներից պատրաստված թեյ, որը Բակունցի մայրը հյուրասիրում էր իր տան հյուրերին:
Շրջայցի վերջում Աննա Հակոբյանին նվիրել են Ակսել Բակունցի գրական ժողովածուները։
Սյունիք կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Վերիշեն գյուղական բնակավայրում գտնվող կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ: Կենտրոնում տիկնոջը դիմավորեց և տեղում կատարվող աշխատանքներին ծանոթացրեց կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. հունիսին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից: Ռեսուրս կենտրոնը մեծացնում է կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում։
Կենտրոնում Գորիսի և հարակից գյուղերի կանայք բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Վերջերս Հոլանդիայից ձեռք բերված ջուլհակագործության սարքով կանայք կարողանում են զբաղվել նաև ջուլհակագործությամբ, որով էլ զարկ է տրվում տեքստիլի արտադրությանը: Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ: Կոստյումներ և կոշիկներ կարելու համար այս պահին ոճաբան-մասնագետի փնտրտուքի մեջ են։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց լինել դրանց առաջին կրողը, երբ ստացվի առաջին արտադրանքը։ Կենտրոնը նպատակ ունի Երևանում բացել խանութ և ապրանքներն արտահանել այլ երկրներ։
Կենտրոնի համար այցեքարտ են դարձել իրենց կարած բարձերը։ Դրանք խորհրդանշական են, քանի որ կարված են բացառապես բնական թելերի գույներով, իսկ զարդանախշերը Գորիսի տների շեղ քարերի տեսքով են։
Արտադրամասի ապրանքների վաճառքն ապահովվում է համայնքի հյուրանոցների հաշվին: Հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են: Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։
Շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։ Այցի ավարտին տիկին Հակոբյանը զրուցեց երեխաների հետ, տեսավ նրանց աշխատանքները: