Որոշ մասնագետներ իսկապես հեռանում են Ռուսաստանից, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա, բայց շատերը, ի վերջո, վերադառնում են։ Հարևան երկրներում էլ ապրելը լավ է, բայց տանն ավելի լավ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Лидеры России» մրցույթի չորրորդ եթերաշրջանի հաղթողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, որ հեռանում են, այստեղ ոչ մի արտառոց բան չկա», – ասել է ռուսական պետության ղեկավարը՝ մեկնաբանելով որոշ IT-մասնագետների՝ երկրից հեռանալու մասին ակնարկը: – Ինչ-որ մեկը վախեցած է, իսկ ինչ-որ մեկը կասկածում է, որ այստեղ կարելի է արդյունավետ աշխատել։ Բայց չէ որ աշխատանքի հաջողությունը շատ բաղադրիչներից է կուտակվում»։
Ինչպես պարզաբանել է Պուտինը, այդ գործոնների թվում են և՛ պետության աջակցությունը, և՛ կենցաղային պայմանները:
«Մենք ոչ մեկին չենք խոչընդոտում։ Շատերը վերադարձել են, որովհետև մի բան է՝ ապրել Մոսկվայում, Պետերբուրգում կամ, չգիտեմ, Սարատովում և Խանտի Մանսիյսկում, իսկ մեկ այլ բան (հիմա չեմ ասի)՝ մեր հարևանների մոտ։ Այնտեղ էլ լավ է, բայց տանն ավելի լավ է», – ընդգծել Է Պուտինը
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ընթացիկ տարվա մարտի սկզբից Երևան են տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 30 հազար քաղաքացիներ՝ հավելելով, որ անցած ժամանակահատվածում Հայաստանում ստեղծվել է ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն: