Այս տարվա նոյեմբերի 11-13-ը Երևանում տեղի կունենա «Ապագա հայկականը» առաջին համաժողովը, որը հիմնված է մասնակցային ժողովրդավարության քաղաքացիական ասամբլեայի մոդելի վրա։ Այս մասին ասվում է IdeA հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ համաժողովի մասնակիցները Հայաստանից, Արցախից և Սփյուռքից կքննարկեն առկա խնդիրները, մարտահրավերները և կընդունեն դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթ։
Համաժողովին կնախորդի թեմատիկ փորձագիտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցությունը բաց կլինի բոլոր մասնագետների համար։ Առաջին համաժողովում կքննարկվեն «Ապագա հայկականը» հասարակական նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ Հայաստան-Սփյուռք միասնություն, Պատմական պատասխանատվություն և բնակչության աճ:
Հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանի ինստիտուտում ազդարարվել է միջոցառմանը մասնակցության հայտերի ընդունման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը։
Պանելային քննարկման բանախոսներ էին Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը և «Ապագան հայկական» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանն ու Արամ Բեքչյանը։
Համաժողովի ձևաչափի արդյունավետության և արցախյան հասարակության ակնկալիքների համատեքստում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է. «Արցախի երկարաժամկետ հայկական ապագան, ժողովրդագրությունը կարևորագույն ոլորտներից է։ Առավել կարևոր էր, որ «Ապագա հայկականը» միջոցառումն իրականացվեց Արցախի իշխանությունների հետ համատեղ, ինչը լրացուցիչ գործնական նշանակություն տվեց միջոցառման արդյունքների հետագա կիրառմանը»։
Քննարկմանը բանախոսներ էին նաև «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը։