Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը:
Այս ընթացքում նույնականացվել են բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։
ՀՀ քննչական կոմիտեի, անհետ կորածների միջազգային հանձնաժողովի և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:
Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր:
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա՝ վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75 000 ԱՄՆ դոլար:
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31 125 000 ՀՀ դրամ:
Կառավարության որոշմամբ առաջարկվող նախագծի նպատակը ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց պատշաճ ֆինանսավորում իրականացնելն է: