Արարատի և Արմավիրի մարզերում բնադրած արագիլներն արդեն չորրորդ տարին է՝ էկոլոգիական աղետի զոհ են դառնում: Այս տարի ևս Արարատյան դաշտի սպիտակափետուր թռչուններն աղտոտվել են և սև գույն ստացել։
Բայց Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Bird Links» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Աղաբաբյանն Armenia Today-ի հետ զրույցում պնդեց, որ այս տարի աղտոտված արագիլների թիվը զգալի նվազել է։
Նախարարությունը դեռ աղտոտված թռչունների վերաբերյալ հաշվարկներ է կատարում, թվային տեսքով ավելի ուշ պարզաբանումներ կներակացնեն։
Սևացած արագիլներին տեղի բնակիչներն ու կենդանասերներն են լողացնում, խնամում և կերակրում։ Սակայն, սա, ըստ թռչնաբանի, խնդրի լուծում չէ։ Իսկ նրա կարծիքով՝ խնդրի լուծումը կարող էլ լինել միան այն դեպքում, երբ վերջնական պարզեն, թե որն է աղտոտման պատճառը։
Մասնագետներին միայն երրորրդ տարում հաջողվեց պարզել, թե ինչու են թռչուններն ամեն տարի ամռանը բնապահպանական աղետի առջև կանգնում։
Պատկան մարմինները 2019 թվականին հայտնաբերեցին աղտոտման աղբյուրը: Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ պատճառը Արարատյան դաշտում գործող թառափի ձկնաբուծարաններն են, որոնք ձկների թափոնները լցնում են մոտակա ջրանցքները։
«Ձկնաբուծարանների հանդեպ վարչական վարույթ հարուցվեց թափոնները պատշաճ ձևով չուտիլիզացնելու համար: Հաջորդ տարի խնդիրը կրկնվեց՝ ընդգրկելով արդեն Մասիս քաղաքի շրջակայքը: Հավանական աղբյուր էր դիտարկվում Մասիսի աղբավայրը»,- հիշեցրեց նախարարության ներակայացուցիչը։
Բացի այս երկու գործոններից, կա նաև երրորդ վարկածը։ Գործող պահածոյի և այլ արտադրամասներն իրենց թափոնները նետում են տարբեր վայրեր, ինչը ևս արագիլների կեղտոտման պատճառ է դառնում։
«Անցյալ տարի հայտնաբերեցինք մոտ 300 արտադրամաս, որոնք կարող են աղտոտման աղբյուր հանդիսանալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսեց ստուգումներ իրականացնել և պահանջել, որ ընկերությունները հաշվետվություն ներկայացնեն արտադրության թափոնների վերաբերյալ։ Հասցրել ենք ընկերությունների մի մասում միայն ստուգումներ իրականացնել։ Կարող ենք արձանագրել, որ աղտոտվածության ցուցանիշում ձկնաբուծարանները մեծ դեր չեն կատարում»,- հավաստիացրեց Աղաբաբյանը։
Այս տարի ևս շարունակվելու են կիրառվել վերահսկողության մեխանիզմները, ինչի հետևանքով, ըստ Կարեն Աղաբաբյանի, նվազել է թռչունների աղտոտվածության ցուցանիշը։
Ավելի վաղ Armenia Today-ն ահազանգել էր, որ արագիլները դարձյալ կեղտոտվել են։
Հիշեցնենք, որ արագիլներին Արարատի մարզի Հովտաշեն համայնքի բնակիչներն առաջին անգամ ոտքից գլուխ սև մածուկով պատված են տեսել դեռ 2019 թվականին, որից հետո ամեն տարի արագիլների պատմությունը կրկնվում է։
Նախորդ տարի Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը պարզել էր, որ Արարատի մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։
Ի դեպ, տեղեկացնենք, որ մեր երկրում բնադրվող 600-800 զույգ արագիլ կա: