Մեկ ժամից ավելի երկկողմանի փակ պահելով Երևան-Արմավիր ճանապարհը՝ Ակնալիճ համայնքի բնակիչներն այն բացել են։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մեծամորի համայնքապետարանի մամուլի քարտուղար Գառնիկ Մկրտչյանը։
Ակնալճի բնակիչները դժգոհում էին էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խնդիրներից։
Մեծամոր համայնքի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ խնդիրը կարգավորվել է, ճանապարհն էլ գյուղացիները բացել են։
«Խնդիրը տասն օր է՝ առկա է համայնքում։ Պարբերաբար էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խնդիրներ են լինում, ինչից գյուղացիները բողոքում են։ Համայնքի ղեկավարը եղել է տեղում։ Այժմ բողոքի ակցիա չկա»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի մոտ հարյուրավոր գյուղացիներ, ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը։
Գյուղացիները պահանջում են լուծել հոսանքի և ջրի մատակարարման խնդիրները և ուզում են, որ մարզպետն ու էկոնոմիկայի նախարարը գան և պատասխան տան իրենց։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նաև քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև։
Ի դեպ, հավելենք, որ Ակնալիճ բնակավայրը խոշորացված է և Մեծամոր համայնքի կազմում է ներառված։