Սոչիում տեղի ունեցած հեղեղումներից հայերի կամ ՀՀ քաղաքացիների տուժելու մասին տվյալներ չկան։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը։
«Սոչիի հայ համայնքից փոխանցեցին, որ որևէ հայ չի տուժել ջրհեղեղից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Սոչիում հուլիսի 23-ին տեղի էին ունեցել հեղեղումներ։ Մեկ ժամում քաղաքում տեղացած անձրևի չափաքանակը հասել էր առնվազն 76 միլիմետրի: Հեղեղվել էին ճանապարհներ, տներ։ Դոնի փողոցում վատ եղանակի պատճառով կին է մահացել։
Սոչիի իշխանությունները վատ եղանակի պատճառով քաղաքում արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել։ Տարերքը մի քանի օրվա ընթացքում ավերածություններ է իրականացրել քաղաքի բոլոր շրջաններում, ամենից շատ տուժել էր կենտրոնական շրջանը:
Նշվում է, որ հանգստավայրում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։ Օդերևութաբանները կանխատեսում են նոր տեղատարափ անձրևներ, կարկուտ, գետերի՝ ափերից դուրս գալ և ծովամրրիկներ: