Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
Հայտարարության մեջ ասված է.
«Վերջին շաբաթներին խորը մտահոգությամբ և տագնապով էինք հետևում հայրենիքում մեր բազմաթիվ եղբայրների ազատազրկմանը նրանց քաղաքական հայացքների և գործողությունների հանգամանքով պայմանավորված: Մասնավորաբար, մեզ խորապես անհանգստություն պատճառեց մեր եկեղեցու նվիրյալ զավակ, բարերար և մտավորական Ավետիք Չալաբյանի ազատազրկումը:
Ավետիքը մեր Եկեղեցու հավատավոր հոտի խոնարհ զավակ է, առաքինի և պարկեշտ անձնավորություն, իր երկրի հայենապաշտ նվիրյալ, ընտանիքի օրինակելի հայր:
Դժվար է հավատալ, որ նույնիսկ պայքարի բովում նա ընդունակ էր խախտել օրենքը, առավել դժվար է պատկերացնել, որ ազատության մեջ գտնվելով, նա որևէ վտանգ ներկայացնի այն պետության համար, որին նվիրումով ծառայել է ողջ գիտակից կյանքի ընթացքում:
Օրերս գոհունակությամբ իմացանք, որ Ավետիք Չալաբյանը բազմաթիվ ապօրինություններից հետո վերջապես դուրս է եկել ազատություն, թեև դատական գործընթացը շարունակվում է:
Հորդորում ենք հայրենի իշխանություններին հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը, և դատական գործը շարունակել բացառապես օրենքի ոգու և տառի խստիվ պահպանությամբ։
Աստված պահապան մեր սուրբ հայրենիքին և նրա նվիրյալ զավակներին»:
Նշենք, որ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։