Բեռնատար ունեցող գյուղացիներն այսօր՝ օգոստոսի 1-ին, փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Ըստ կայքի՝ գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել իրենց բեռնատարները, քանի որ գազաբալոնները ստուգված լինելու մասին վկայագիր չունեն, իսկ ցորենը մնացել է դաշտում։ Գյուղացիները նշում են, որ բեռնատարների վրա երեք և ավելի գազաբալոն են տեղադրում, որոնք հիմնականում հին արտադրության են։ Հունձի սեզոնին մինչև կես միլիոն դրամի ծախսի տակ են ընկնում բոլոր այդ բալոնները փոխելու համար։ Ավելին, լիցենզավորման կայաններում հրաժարվում են նույնիսկ ստուգել՝ իրենց արդեն ժամկետանց բալոնները օգտագործելի՞ են, թե՞ ոչ։ Լոռու մարզի միակ կայանը Սպիտակ քաղաքում է։ Ամբողջ մարզի գազով լիցքավորվող մեքենաներն ստիպված են այս միակ կայանում ստուգում անցնել։ Ընդ որում, դրանից օգտվելով՝ կայանները բարձրացնում են գները։
Ավելի ուշ, ինչպես հայտնում է լրատվականը, հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանն անցնելու է փակած ճանապարհով։ Վարչապետը եկել, լսել ու այնտեղից զանգել է տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։
Նա հանձնարարել է թույլատրել ստուգում անցկացնել ժամկետանց բալոնները, եթե դրանք շահագործման ենթակա են, ապա վկայագիր տալ։ Խոստացել է միջոցներ ձեռնարկել․ ավելացնել լիցենզավորման կայաններն ու հնարավորություն ստեղծել օնլայն հարթակում հերթագրվել ու սպասել հերթի։