ՀՅԴ երիտասարդներն այսօր հավաքվել էին Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի դեմ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ավարտից հետո տարբեր գրություններով պաստառներ թողեցին շենքի առաջ։
Պաստառների վրա մասնավորապես գրված էր՝ «Հայաստանը քո տունը չի», «Հայի առաջ երկիր փակող, թուրքի առաջ բացող դավաճան», «Անցանկալին իշխանությունն է, ոչ թե սփյուռքի հայությունը» և այլն։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այս կերպ իշխանությունները փորձում ե Հայրենիք-սփյուռք հարաբերություններում սեպ խրել, ինչն անթույլատրելի են համարում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա հուլիսի 14-ի գիշերը Մուրադ Փափազյանը ժամանել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, սակայն այնտեղ նրան հայտնել էին, որ չի կարող մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ համարվում է «անցանկալի անձ»։ Նրա կարծիքով՝ դա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Փաշինյանի դեմ ակցիայի կազմակերպիչներից է։