Այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 հազար 887, միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587-ը: Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9 հազար 729 դիմորդ: Այս տարվա ընդունելության գործընթացն առանձնանում է մեծաքանակ թվով թափուր տեղերով, որոնք թե հիմնական, թե լրացուցիչ փուլերով այդպես էլ չհամալրվեցին: Անվճար 1900 տեղից համալրվել է 1670-ը: Ընդհանուր թափուր է մնացել 14 հազար 158-ը, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
«Այս տարի կիրառվել է մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքը, ինչ նշանակում է, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը դրական միավորներ ստանալու դեպքում: Ինչպես տեսնում եք՝ նույնիսկ անվճար տեղերի պարագայում կան ուղղություններ, որոնթ թափուր են մնացել: Ասեմ, որ թափուր մնացած տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը»,- նշել է Գրիգորյանը:
Այս տարի դիմորդների շրջանում պահանջված ուղղությունները եղել են՝ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, բուժական գործ, ստոմատալոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում: Նախորդ տարվա համեմատ այս մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թափուր մնացած ուղղություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուր, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգ, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն և այլն: