Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների շենքերի դիմաց՝ պահանջելով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Երկուշաբթի մասնակիցները կշարունակեն բողոքի ակցիաներն` այս անգամ ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները պահանջատիրական նամակներ են ուղարկել Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին։ Նրանք որոշել են նաև նստացույց անել՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպելու պահանջով։
Շուշիի բնակիչ Աշոտ Հարությունյանի խոսքով` Ադրբեջանը, օգտվելով առիթից, շարունակում է իր զավթողական քաղաքականությունը:
«Այս պայմաններում վտանգի է ենթարված արցախահայության ճակատագիրը: Մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում նայել, թե ինչ է կատարվում:
Մեր պահանջը հետևյալն է. Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պետք է խաղաղարար ուժեր մտցնի Բերձոր, որպեսզի մենք կարողանանք պահպանել կապը ԱՀ և ՀՀ միջև:
Բացի այդ, հնարավորության սահմաններում կանխել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը` պահանջելով, որ ադրբեջանական ֆաշիստներն Արցախից հանեն օկուպացիոն զորքերը»,- նշեց Աշոտ Հարությունյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանը չի բավարարվում ՀՀ զինված ուժերի դուրսբերմամբ և պահանջում է բոլոր զինված կազմավորումների դուրսբերում:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանվածները բողոքի ցույց են անցկացրել կառավարության և ՀՀ ԱԳՆ շենքերի առջև՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ և լուծել բնակարանի հարցը։