Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։
«Ինքը շատ թույլ էր, դժվարությամբ է տեղաշարժվում, հազիվ է խոսում, այս պահին կաթիլային ներարկումներ է ընդունում»,-փոխանցեց Մարինե Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ ամուսինը հուլիսի 12-ին միզապարկի բաց վիրահատության է ենթարկվել, որից հետո տեղափոխվել քրեակատարողական հիմարկ:
Հավելենք, որ Պավլիկ Մանուկյանն օգոստոսի 1-ից հացադուլ էր հայտարարել և պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:
Մարինե Մանուկյանն ասաց, որ Պավլիկ Մանուկյանը հրաժավել է նաև դեղորայք ընդունել:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։
Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռերը», 2016-ի հուլիսի 17-ին գրավելով ՊՊԾ գունդը, պահանջել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, նրանք ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեցին 15 օր, հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամների խափանման միջոցը ստորագրությամբ չհեռնալու մասին փոխվել էր հեղափոխությունից հետո։ Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018-ին։