ՀՀ Ոստիկանությունը օրենքի նախագիծ է ներակայացրել, որով պետք է կարգավորվի վերջին շրջանում ՀՀ-ում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում գտած չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։ Համապատասխան նախագիծը ներկայացված է e-draft.am -ում։
Նշվում է, որ ինքնագնացների շահագործումն իրականացվում է թե՛ մայթերին, և թե՛ երթևեկելի մասի վրա և որ առավել կարևոր է օգտագործումը կանոնակարգված չէ իրավական ակտերով, հետևաբար մեծանում է հաճախ դրանց հանրության համար վտանգավոր եղանակով շահագործելու ռիսկը։
Օրինագծով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսել նման սարքավորումների հստակ սահմանումը և դրանց երթևեկության կանոները։
Մասնավորապես, նախատեսվում է Ինքնագնացներն անվանել «Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց», սահմանել դրանցից օգտվողների տարիքային շեմը, օգտագործելիս թույլատրելի առավելագույն արագությունը, օգտագործման թույլատրելի վայրերը և պայմանները։
Խնդրի միջազգային կարգավորումների շրջանակներում ուսումնասիրվել է Ֆրանսիայի, ՌԴ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի իրավակարգավորումները։
Ընդունված միջազգային կարգավորումներով՝ Ինքնագնացներով երթևեկությունը տարբեր երկրներում թույլատրվում է հիմնականում մայթերով և հեծանվային արահետներով և մինչև 25կմ/ժ արագությամբ, իսկ դրանց օգտագործման տարիքային շեմը տատանվում է 12-16 տարեկանների միջև։
Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ մոտարկված են ՌԴ կարգավորումների նախագծով առաջարկվող և Ֆրանսիայի գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Հաշվի առնելով, որ ինքնագնացներն իրենց կառավարման բույթով (հավասարակշռության համատեքստում) և երթևեկության արագության չափով առավել մոտ են հեծանիվներին, նախագծով առաջարկվում է նախ դրանց երթևեկությունը թույլատրել հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերում, և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհրանինության դեպքում՝ այլ վայրերով։
Ընդորում, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում նախագծով առաջարկվում է հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերի բացակայության դեպքում նախ թույլատրել դրանց երթևեկությունը հետիոտների երթևեկության համար նախատեսված վայրերում և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու ահնհանրինության դեպքում՝ երթևեկելի մասի եզրով։
Միաժամանակ, հետիոտների տեղաշարժի անվտանգության կարևորության համատեքստում նախագծով նախատեսվել են մի շարք դրույթներ, որոնք երաշխավորում են հետիոտների անվտանգությունն ինքնագնացների հետ համատեղ երթևեկության ժամանակ։
Բացի այդ, նախագծով նախատեսվող կարգավորումներով երաշխավորվել է նաև ինքնագնացներ շահագործողների անվտանգությունը, հատկապես դրանց երթևեկելի մասերով վարելու դեպքում՝ նախատեսելով այն պայմանները, որոնց պետք է բավարարի ինքագնացը (օրինակ՝ էլեկտրական շարժի, արգելակի, ձայնային ազդանշանի առկայությունը և այլն) և այն իրավիճակները որոնց դեպքում չի թույլատրվում ինագնացը վարել երթևեկելի մասով (օրինակ՝ բնակավայրից դուրս կամ 2 և ավելի շարքերով դրանց շահագործումը և այլն)։
Հաշվի առնելով, որ ինքնագնացների երթևեկության նախագծով առաջարկվող կարգավորումները դրանց առավել շատ մոտեցնում են հետիոտների և հեծանվորդների երթևեկության պայմաններին, իսկ օրինակ հետիոտները ևս երթևեկության որոշակի պայմանների դեպքում կարող են երթևեկել երթևեկելի մասի եզրով, կողնակներով և դրա համար վերջիններիս սաղավարտ կրելու պահանջ չի նախատեսվում, ինքնագնացների՝ երթևեկելի մասի եզրով, կողնակներով երթևեկության ժամանակ ևս չի նախատեսվել սաղավարտի կրման պարտադիր պահանջ։
Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝
ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել ելնելով բացառման կանոնից, այն է՝
ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,
բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,
գ) «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով,
- արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,
- ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով,
- արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,
- արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ,
- սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոները խախտելու համար, վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։