«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
«Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։