Այս պահին ունենք 16 զոհ և 17 անհետ կորած։ Անհետ կորածների թիվը մեկով նվազել է։ Ստացել ենք զանգ, որ տվյալ ՀՀ քաղաքացին երկրում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ներկա պահին 10 զոհի ինքնությունը հաստատված չէ` որոշակի դատաբժշկական փորձաքննություն պետք է կատարվի»,- ասաց ԱԻ նախարարը։
Նրա խոսքով՝ ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են։ ԱԻ նախարարը նշեց, որ այժմ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ հրդեհ չկա, կատարվում են միայն հովացման աշխատանքներ։
«Քանի դեռ հավանականություն կա, որ կարող ենք քաղաքացու հայնաբերել, ծանր տեխնիկա չենք օգտագործում։ Ներկա պահին փլատակներից մաքրման աշխատանքներն ավելացել են ևս 10 տոկոսով՝ այսինքն մաքրել ենք մոտ 40 տոկոս»,- ասաց ԱԻ նախարարը։
Փամբուխչյանը նշեց, որ ռեսուրսի պակաս չունեն։ Նախնական պատկերացում ևս չունեն, թե որքան կշարունակվեն որոնողափրկարարական աշխատանքները։
«Երեկ ապամոնտաժվել է սյուներից երկուսը, բայց այնտեղ կա ևս երկու հատված․ հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ, ետնամասում ևս կան շինություններ, մտածում ենք՝ դա նույնպես ապամոնտաժել, երբ հասկանանք, որ քաղաքացիներ այլևս չկան։ Դա ևս իրենից վտանգ է սպառնում»,- շեշտեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն։