«Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող Հերմինե Օհանյանը պայթյունի օրը եղել է հենց դեպքի վայրում: Թեև տաղավարը, որտեղ նա աշխատում էր, բավական հեռու է եղել պայթյունից, սակայն այդ օրը հարսը և 12 ամյա թոռնիկն այցելել են «Սուրմալու»՝ թոռնիկի համար դպրոցական շորեր գնելու համար:
«Խանութում դրամարկղի մոտ էինք, երբ պայթյունը տեղի ունեցավ, մտածեցինք՝ գազ է պայթել, ծուխը տեսանք ու փախանք: Գոռալով փախնում էինք, երեխան վախեցել էր , կանչում էր՝ տատի արագ, տատի արագ: Այնպիսի ուժեղ պայթյուն էր, աննկարագրելի էր: Փեթակի մոտից ուզում ենք փախնել, ծուխը գալիս էր, ուզում էինք հակառակ կողմով դուրս գար, կրկին ծուխ էր, միայն արագ արագ վազում էինք»,- ասաց նա:
Հերմինեն Օհանյանը պատմեց, որ ամեն մեկը տարբեր բաներ էր ենթադրում, թե ինչ կարող էր պատահած լիներ, և թեև իր մտքով գազի պայթյունն է անցել, սակայն որոշները կարծել են, թե թուրքերն են:
«Ես ինձ լավ չէի զգում, եկել եմ տուն։ Երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել էր, գնացել ենք, խանութը փակել»,-ասաց նա և նշեց, որ առևտրի կենտրոնում անվտանգության հարցերին ուշադիր են եղել:
«Ջեմա Նազարյանն իմ ամենամտերիմ մարդկանցից էր, միշտ ապրանք էր տանում, հենց այդ օրը ես տեսել եմ իրեն, եկավ, նայեց, ասաց՝ բան չեմ գտնում, ասեցի՝ տար, գումարը հետո կտաս, չհամաձայնվեց: Հետո իմացա որ նա էլ չկա: Կան աշխատողներ որ ճանաչում եմ, անհետ կորած են։ Մահացածներից էլ եմ երկու հոգու ճանաչում»,-պատմեց Հերմինեն:
Նա նշեց, որ դեռ թոռնիկը վախեցած է, սթրեսը չեն հաղթահարել: Նա վստահեցրեց, որ հրշեջները, շտապօգնությունն անմիջապես եկել են դեպքի վայր:
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 8 անհետ կորած։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։