Այս պահի դրությամբ կա հաստատված 16 զոհ, որից 14-ի ինքնությունը պարզվել է և 8 անհետ կորած։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Անդրադառնալով հրավտանգ նյութերի առկայությանն ու նոր պայթյունի հավանականությանը, փոխնախարարը նշեց, որ շենքի այն հատվածը, որը դեռ կանգուն է, հովացման աշխատանքների կարիք ունի, և աշխատանքներն այդ հատվածում շարունակվում են։ Նա նշեց, որ պայթյունի վտանգ չկա, սակայն հնարավոր փոքր օջախների առկայություն կարող է լինել։
«Տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել, թե ինչ կա շենքի ներսում։ Չենք կարող ներս մտնել, քանի որ դա վտանգավոր է փրկարարների համար»,- ասաց նա։
Համբարյանը տեղեկացրեց, որ կան մարդիկ, որոնք պատասխանատու են տարածքի համար, նրանց հետ համագործակցում են՝ հավելյալ տվյալներ ստանալու ակնկալիքով։
Փոխնախարարի խոսքով, ըստ էության, մատնանշվում են տեղեր, որտեղ կուտակումներ են եղել։ Մասնավորապես, շենքի մեջտեղի հատվածում, որն էլ փլուզման էպիկենտրոնն է։
«Ողջ մարդկանց գտնելու հույսը քիչ է, բայց պահպանվում է։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրա հնարավորությունն աստիճանաբար նվազում է»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ իրենց գերխնդիրն այժմ փլատակների մաքրումն է։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 8 անհետ կորած։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։