«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է 50 քաղաքացի: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցին Քննչական կոմիտեից: ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոյանը մանրամասնեց, որ այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի սեփականտերը դեռ չի հարցաքննվել:
Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Իսկ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ նշելով, որ քննության առարկա են բոլոր վարկածները:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։ Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։