ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Պետական դումայի պատգամավորների և իմ անունից խորապես ցավակցում եմ Երևանի առևտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետևանքների համար»,- մասնավորապես ասված է Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում: Նա իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին:
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում: Նա արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։