Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաեւ նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:
Ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին Armenia Today-ին, նախագիծն ուղարկվել է գործընկեր նախարարություններին՝ կարծիք ստանալու համար։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացիներ ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: