2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Նա տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունվում են նախապես:
«Ճանապարհաշինություն, մայթերի բարեկարգում, փողոցների լուսավորում, մանկապարտեզների, բուժհաստատությունների կառուցում, հիմնանորոգում, խմելու ու ոռոգման ջրագծերի անցկացում, վերանորոգում․ Հայաստանում չկա գոնե մեկ համայնք, որտեղ կառավարության որոշմամբ չի իրականացվել գոնե մեկ սուբվենցիոն ծրագիր»,- ընդգծել է Չախոյանը։
Նրա խոսքով՝ տասնամյակներով անտերության մատնված փողոցները, կրթական օջախները, բուժհաստատությունները, մշակույթի կենտրոնները հիմնանորոգվում են, իսկ բացակայության դեպքում՝ կառուցվում են։ Խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեցող բնակավայրերում նոր ջրագծերով լուծվում է ջրի խնդիրը, ինչը տասնամյակներով անհասանելի էր թվում բնակիչներին։
«Հիրավի, դեռ լուծված չեն բոլոր խնդիրները, սակայն կառավարության համառ ու իր որդեգրած սկզբունքներից անշեղ աշխատանքով քայլ առ քայլ բարեկարգվելու է երկիրը՝ հետևողական լինելով շարքային քաղաքացու խնդիրներին»,- շեշտել է նա։