Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարը, որը ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, մեղադրվու,մ է ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ) և 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Նախաքննությունը շարունակվում է: